Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց մի շարք եվրոպական քաղաքներում՝ բողոքելով նացիոնալիզմի եւ ներկայիս իմիգրացիոն քաղաքականության դեմ Եվրախորհրդարանի ընտրությունների նախօրեին, որոնք կանցկացվեն մայիսի 23-26-ին, հաղորդում է Associated Press-ը:

Գերմանիայում քայլերթերն անցել են «Մեկ Եվրոպա բոլորի համար. քո ձայնը նացիոնալիզմի դեմ» կարգախոսի ներքո: Ցուցարարները հավաքվել են Բեռլինում, Քյոլնում, Լեյպցիգում, Ֆրանկֆուրտում, Մյունխենում եւ Համբուրգում:

Ակցիայի կազմակերպիչները, որոնք շուրջ 70 խմբերից են կազմված, աջակցում են ԵՄ-ին, սակայն նաեւ կոչ են անում նախաձեռնել միգրացիոն քաղաքականության մեջ փոփոխություններ, ինչպիսիք են միգրանտներին աջակցությունը Միջերկրական ծովում փրկարարական առաքելությունների ժամանակ:

Բուդապեշտում, Ուտրեխտում, Բուխարեստում եւ Վարշավայում իրենց բողոքն արտահայտած մյուս խմբերն անցկացրել են բողոքի երթերը «Ոչ ատելությանը, այո փոփոխություններին» կարգախոսի ներքո:

Գերմանական dpa գործակալության հաղորդմամբ, Բեռլինում բողոքի ակցիային մասնակցել է 20 000 մարդ, Մյունխենում եւ Համբուրգում՝ 10 000-ական, իսկ Ֆրանկֆուրտում՝ 14 000 մարդ: