Google ընկերությունը դադարեցնում է չինական Huawei ընկերության հետ համագործակցությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել էր չինական ընկերությունը սեւ ցուցակ մտցնելու մտադրության մասին: Սա նշանակում է, որ Huawei-ն չի կարող օգտվել Google-ի ծառայություններից ու ծրագրերից, այդ թվում Google play հավելվածների խանութից եւ Gmail փոստից, հայտնում է Reuter-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Huawei-ն հասանելիություն կունենա Android-ին, բայց միայն հրապարակային աղբյուրների տարբերակին: Չինական ընկերությունը կզրկվի Google-ի տեխնելեգիաների եւ ծրագրային ապահովման հասանելիությունից, ինչպես նաեւ չի կարող տեխնիկական աջակցության հուս ունենալ: Google-ում կշարունակվի Huawei-ի հետ նոր պայմաններով համագործակցության տարբերակների քննարկումը, նշել է գործակալությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Huawei-ին լրտեսության մեջ է կասկածում: ԱՄՆ առեւտրի նախարարությունը պատրաստվում է Huawei-ն եւ նրա 70 ստորաբաժանումներ մտցնել սեւ ցուցակի մեջ՝ երկրի «ազգային անվտանգությանը հակասող գործունեության» պատճառով: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել, որն ամերիկյան ընկերություններին արգելում է օգտագործել այն ֆիրմաների պատրաստած հեռահաղորդակցային սարքավորումները, որոնք սպառնալիք են ներկայացնում երկրի «ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը եւ տնտեսությանը»: