ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Մերձավոր Արեւելքում խաղաղության ապահովման իր երկար սպասված ծրագրի առաջին փուլը հունիսին կներկայացնի տարածաշրջանային համաժողովում, որը կոչված է ընդգծելու տնտեսական օգուտները, որոնք կարող են ստացվել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման դեպքում:

AP-ն հայտնում է, որ ծրագիրը, որը մշակվում էր 2 տարի, նախատեսում է պաղեստինյան տարածքում խոշորածաված ներդրումային եւ ենթակառուցվածքային աշխատանքներ: Սակայն քաղաքական առանցքային տարրերը դեռեւս հայտնի չեն: Տնտեսական համաժողովը տեղի կունենա հունիսի 25-26-ը Բահրեյնում եւ նվիրված չի լինի հակամարտության ամենավիճելի հատվածներին՝ սահմաններին, Երուսաղեմի կարգավիճակին, պաղեստինցի փախստականներին եւ Իսրայելի անվտանգությանը:

Բահրեյնի հետ համատեղ հայտարարության մեջ Սպիտակ տունը հայտարարել է, որ համաժողովը կառավարությանը, քաղաքացիական եւ գործարար ղեկավարներին հնարավորություն կտա ստանալ տնտեսական ներդրումների աջակցություն, որոնք հնարավոր կլինեն խաղաղ համաձայնագրի դեպքում:

ԱՄՆ-ն ցանկանում է ապահովել Իսրայելի անվտանգությունը եւ պաղեստինցիների կենսապայմանների բարելավման տնտեսական հնարավորությունները: Վարչակազմը հուսով է, որ արաբական երկրները կօգնեն ֆինանսավորել տնտեսական խթանները, ինչպիսին են ենթակառուցվածքները եւ արդյունաբերական նախագծերը, որպեսզի պաղեստինցիներին ստիպեն մասնակցել այս ծրագրին: