Ես հիմա պաշտոնյա չեմ, որպես քաղաքացի եմ եկել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ իմ քաղաքացիական բողոքն իրականացնելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը։

«Ես կարծում եմ, որ մենք կարող էին այս գործողություններն անել հեղափոխությունից անմիջապես հետո, բայց շանս տվեցինք, որ ուղղվեն, իսկ մենք գիտենք, որ չեն ուղղվել։ Մենք ցույց տվեցինք, որ ազդեցություն չենք ունենում դատական համակարգի վրա, բայց դրանից դատական համակարգը չի առողջանում»,–նշեց նա։

Սանասարյանը հույս հայտնեց՝ ժամը 12-ին վարչապետի ելույթի ժամանակ «ծրագրային քայլերը կներկայացվեն եւ ովքեր կասկածների մեջ են, նույնպես կմիանան»։

Նրա համոզմամբ՝ սահմանադրական կարգ չի խախտվում  վարչապետի կոչի հետեւանքով, այլ տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը. «Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը։ Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք ակտիվ մասնակցում էին դատական իշխանության խեղմանը, այսօր հանդես են գալիս որպես դատական իշխանության պաշտպան։ Պարզ է՝ ինչու են այդպես անում»։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Սա մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: