Սաուդյան Արաբիան կոչ է անում Թուրքիայում ներդրումներ չկատարել: Էր Ռիադի Առեւտրաարդյունաբերական պալատի (RCCI) ղեկավար Աջլան Ալ Աջլանը սաուդցի ներդրողներին զգուշացրել է խուսափել Թուրքիայում ներդրումներ կատարելուց տնտեսական իրավիճակի վատթարացման եւ բարձր ռիսկերի պատճառով, փոխանցում է Saudi Gazette-ը: 

«RCCI-ն մի քանի բողոքներ է ստացել Թուրքիայում սաուդցի ներդրողներից, որոնք բախվել են իրենց ներդրումներին սպառնացող խնդիրների»,- ասել է նա՝ դա բացատրելով թուրքական իշխանությունների անփութությամբ ներդրողների պաշտպանության իրենց պարտավորությունները կատարելիս:

Նրա խոսքով՝ Թուրքիայում սաուդցի ներդրողներին զգալի վնասներ են սպառնում Թուրքիայի ազդեցիկ անձանց կողմից մի քանի հետապնդումների եւ շորթումների դեպքերից հետո: «Էր Ռիադի պալատը զգուշացնում է խուսափել Թուրքիայում ներդրումներից՝ ներդրումային ռիսկերի եւ այդ երկրում անվտանգության հետ կապված անկայուն ընթացիկ իրադրության պատճառով»,- ասել է նա՝ հավելելով, որ սաուդցի զբոսաշրջիկները բախվում են հետապնդումների եւ խարդախության աճող դեպքերի: