Ամերիկյան խոշոր կորպորացիաները դադարեցնում են իրենց արտադրանքի եւ ծրագրային ապահովման մատակարարումները չինական հեռահաղորդակցային Huawei ընկերությանը, տեղեկացնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Bloomberg-ին։

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ այդ ընկերությունների թվում են Intel Corp.-ը, Qualcomm Inc.-ը, Xilinx Inc.-ը եւ Broadcom Inc.-ը։ Նրանք բոլորն էլ տեղեկացրել են իրենց աշխատակիցներին, որ մատակարարումներ չեն իրականացնելու Huawei-ին՝ մինչեւ ԱՄՆ իշխանություններից ծանուցում ստանալը։

Ավելի վաղ Huawei-ի հետ բիզնես շփումները դադարեցրել էր Google-ը։ Առիթը չինական ընկերության կողմից ԱՄՆ առեւտրի նախարարությունը սեւ ցուցակ մտցնելն էր։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր՝ հայտարարելով «ազգային արտակարգ դրության ռեժիմ» տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների հետ կապված։

Ընդ որում՝ ԱՄՆ-ը չի բացառել հնարավոր թուլացումները Huawei-ի համար։ Ինչպես ասել են ԱՄՆ արդարադատության նախարարությունում, իրավաբանական անձանց, որոնք արդեն աշխատում են չինական ընկերության սարքավորմամբ, կտրամադրվի ժամանակավոր լիցենզիա, որպեսզի նրանց հնարավորություն տրվի ապահովել իրենց կապի ցանցերի եւ սարքավորումների կայուն աշխատանքը։