Սահմանադրական դատարանի մոտ ցուցարարների եւ փաստաբան Գեղամ Սիմոնյանի միջեւ փոքր միջադեպ եղավ:

Վերջինս ՍԴ դիմաց լրագրողներին հարցազրույց էր տալիս եւ նշում, որ իր կարծիքով ճիշտ լուծումը Սահմանադիր ժողով գումարելն է եւ նոր Սահմանադրության ընդունումը: Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջին, նա նշեց. «Պահանջը համարում եմ իրավաչափ, նորմալ, առողջ, որովհետեւ չկա ընթացակարգ, որ Հրայր Թովմասյանին հեռացնենք պաշտոնից, բայց նա կարող է դիմում գրել եւ դուրս գալ»:

Այդ ընթացքում ցուցարարներից մեկը նրան կոչ արեց միանալ իրենց ինչին փաստաբանն արձագանքեց. «Ես չեմ եկել ձեզ միանալու, եկել եմ իմ քաղաքական ու քաղաքացիական միտքն արտահայտելու»:

Ցուցարարների եւ փաստաբանի միջեւ բանավեճ ծավալվեց, որից հետո ոստիկանները նրան հորդորեցին հեռանալ այդտեղից. «Խնդրում եմ մի փոքր այն կողմ ինտերվյու տվեք: Ինչո՞ւ եք լարվածություն առաջացնում: Եկեք մի փոքր այն կողմ կանգնեք, որ ավելորդ լարվածություն չստեղծեք: Նաեւ ձեր անվտանգության նկատառումներից ենք ասում»: Ոստիկանները հրելով հեռացրին Գեղամ Սիմոնյանին: վերջինս նշեց. «Իմ ձեռքից մի քաշեք, մի հրահրեք իրավիճակը», սակայն ենթարկվեց ոստիկանների հորդորին ու հեռացավ:

Լրագրողների հարցին, թե ինչու հեռացրին փաստաբանին, ոստիկաններից մեկը պատասխանեց, որ չեն հեռացրել, ուղղակի խնդրել են մի փոքր հեռու կանգնել, քանի որ ցուցարարները դժգոհում են:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Նա նաեւ հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

Վարչապետի կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: