ԲՀԿ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից: Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության եւ սահմանադրական կարգի պահպանմանը, պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից եւ գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը:

Հորդորում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը եւ չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը, չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը, չպառակտել հասարակությունը եւ միասին փորձել հանդուրժողականության եւ փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Նա նաեւ հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

Վարչապետի կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: