Թուրքիայի իշխանությունները կարգադրել են կալանավորել ԱԳ նախարարության 249 աշխատակիցների՝ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի կասկածանքով, ում Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձի մեջ, հայտնում է թուրքական NTV-ն:

Անկարայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հրամայել է կալանավորել ԱԳ նախարարության 249 աշխատակիցների այն բանից հետո, երբ քննությամբ պարզվել է, որ նրանք խախտումներ են կատարել նախարարության անցած ընդունելության քննությունների ժամանակ: Ներկա պահին կալանավորված է 78 մարդ, մնացյալը հետախուզման մեջ են:

Նշենք, որ ավելի քան 77 հազար մարդ բանտարկված է՝ սպասելով դատավարությանը, մոտ 150 հազար պետական ծառայողներ, զինծառայողներ եւ այլք հեղաշրջումից հետո զտումների շրջանակում ազատվել են կամ աշխատանքից հեռացվել:

Իրավապաշտպան կազմակերպությունները եւ Թուրքիայի արեւմտյան դաշնակիցները մտահոգություն են հայտնել բռնաճնշումների հետ կապված՝ հայտարարելով, որ նախագահ Թայիփ Էրդողանը չհաջողված խռովությունը որպես առիթ է օգտագործել այլախոհությունը ճնշելու համար: