Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն է եղել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգլորվի դեպի պոպուլիզմ, կարծում է Freedom House միջազգային կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքանը։

«Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն է եղել, որ Փաշինյանը, հնարավորություն չունենալով արագ կամ կայուն վերափոխել երկիրը, կգլորվի դեպի պոպուլիզմ, որը նրան բերեց իշխանության։ Այդպես էլ կա»,- գրել է Նեյթ Շենքանն իր Twitter-ի միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ նա հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

Հավելենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի այս կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարությամբ են հանդես եկել նաեւ մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպես նաեւ խորհրդարանում ներկայացված «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար:

Ուղերձով է հանդես եկել Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը. «Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով եւ միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջեւ ծառացած մարտահրավերները»։