Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 20-ին, միջադեպ է գրանցվել։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը փորձեց մուտք գործել դատարան՝ նշելով, որ պետք է իր պաշտպանյալներից մեկի դատական ակտը ստանա։

«Արձանագրվել է մեր պաշտպանյալի իրավունքների խախտում եւ որպեսզի հետագայում նրա իրավունքների խախտման ուղղությամբ գործողություններ կատարենք, բողոքարկենք, մենք պետք է այդ դատական ակտը ստանանք: Հիմա պետք է փորձենք այդ ակտը ստանանք»,– լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ դատարանի մուտքն ու ելքը փակելը հակասահմանադրական է. «Սա Սահմանադրությամբ արգելված միջոցառում է, ավելին չեմ ուզում ասել: Քրեաիրավական գնահատականներ չեմ ուզում տալ, դա դատախազության գործառույթն է, թող ինքն էլ տա իր գնահատականները»:

Հարցին՝ համարում է սա ճնշում դատարանի վրա, նա դրական պատասխանեց. «Միանշանակ, սա ճնշում է դատական համակարգի նկատմամբ»:

Փաստաբանը մոտենալով ցուցարարներին ցույց տվեց իր փաստաբանական արտոնագիրը եւ նրանց փորձեց համոզել, որ թույլ տան իրեն մուտք գործել դատարան, սակայն ցուցարարները չհամաձայնեցին։

«Ձեր պաշտպանյալի իրավունքները խախտվել է, որովհետեւ ՀՀ-ում դատարան չկա: Հիմա դատարանը փակված է, որ վերականգնենք երկրում արդարադատությունը: Առավոտից ոչ ոք ներս չի մտել ներսում մարդ չկա»,–ասաց դատարանի մուտըք փակած ցուցարարներից մեկը:

Փաստաբանը, սակայն, առաջարկեց մտնել ներս, համոզվել, որ ներսում ոչ ոք չկա. «Հիմա դուք ձեր գործողություններով խոչընդոտում եք փաստաբանի գործունեությունը: Ես կմտնեմ ներս, կարձանագրեմ, որ ոչ ոք չկա, դուրս կգամ»:

Ցուցարարները, սակայն, թույլ չտվեցին նրան մուտք գործել դատարան։

Փաստաբանի խոսքով՝ ինքը դիմելու է Գլխավոր դատախազին, որպեսզի համապատասխան քրեաիրավական որակում այդ գործողություններին. «Պատրաստվում ենք դիմում ներկայացնել Գլխավոր դատախազին, որպեսզի համապատասխան քրեաիրավական որակում տրվի համապատասխան անձանց գործողություններին, քանի որ քիչ առաջ նրանք խոչընդոտում են փաստաբանական գործունեությանը»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։