Huawei-ը կշարունակի թարմացումներ եւ ծառայություններ տրամադրել անվտանգության համակարգի եւ իր սմարթֆոնների ու պլանշետների համար այն բանից հետո, երբ Google-ը դադարեցրել է համագործակցությունը նրա հետ։

«Huawei-ը կշարունակի թարմացումներ տրամադրել անվտանգության համակարգի համար եւ ծառայություններ Huawei եւ Honor սմարթֆոնների եւ պլանշետների համար, ներառյալ նրանք, որոնք արդեն վաճառվել են, եւ որոնք դեռեւս կան համաշխարհային շուկայում»,- ասել է Huawei-ի ներկայացուցիչը։

«Մենք կշարունակենք ստեղծել անվտանգ եւ կայուն ծրագրային էկոհամակարգ, որպեսզի ապահովենք լավագույն հնարավորություններ ամբողջ աշխարհում բոլոր օգտատերերի համար»,- ասել է աշխարհում Samsung-ից հետո սմարթֆոնների մեծությամբ երկրորդ արտադրողը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Reuters-ը, Huawei-ը չի կարողանա օգտագործել Google-ի սերվիսներն ու ծրագրերը, այդ թվում Google play հավելվածների խանութը եւ Gmail էլեկտրոնային փոստը։ Huawei-ը կպահպանի Android-ի հասանելիությունը, բայց միայն այն վարկածով, որը կա բաց աղբյուրներում։ Չինական ընկերությունը կզրկվի Google-ի տեխնոլոգիաների եւ ծրագրային ապահովման հասանելիությունից, ինչպես նաեւ չի կարողանա տեխնիկական աջակցության հույս ունենալ։ Google-ում շարունակում են քննարկել Huawei-ի հետ համագործակցության տարբերակները նոր պայմաններով։

ԱՄՆ-ը կասկածում է Huawei-ին լրտեսության մեջ։ ԱՄՆ առեւտրի նախարարությունը պատրաստվում է Huawei-ը եւ նրա 70 մասնաճյուղեր մտցնել սեւ ցուցակում այն «գործունեության» համար, որը հակասում է երկրի «ազգային անվտանգությանը»։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որն արգելում է ամերիկյան ընկերություններին օգտագործել այն ընկերությունների հեռահաղորդակցային սարքավորումները, որոնք «սպառնալիք են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը»։