ԲԴԽ նիստն այսօր չի լինի: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողներին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան ԲԴԽ-ն նիստ էր հրավիրել, որտեղ անընդունելի էր համարել ՀՀ վարչապետի կոչով դատարանների բնականոն գործունեության խաթարումը: ԲԴԽ-ն միաժամանակ կոչ էր արել կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում։

«Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգեց այն հետևությանը, որ. ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում, անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում»,-ասված էր հայտարարությունում:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Վարչապետի կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: