Եթե կան դատավորներ, որոնք օրենքի խախտմամբ կայացրել են օրենքի խախտմամբ կայացրել են վճիռներ, կան կաշառակերության դեպք, պետք է համապատասխան օրենքով պատժվեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

Նա դժվարացավ նշել, թե արդյոք դատավորները, որոնք սխալ որոշումներ են կայացրել, պետք է հրաժարական տան։ «Պետք է քննարկել»,–ասաց նա։

Հարցին՝ օրինակ, Սահմանադրական դատարանի, ԲԴԽ–ի նախագահը պե՞տք է պաշտոնավարեն, պատգամավորն ասաց. «Այդ մարմինները պետք է լինեն անկախ, որեւէ քաղաքական ուժ կամ գործընթաց չպետք է ազդի նրանց որոշումների կամ պաշտոնավարման վրա։ Նրանց ընտրել է Ազգային ժողովը, հիմա Աժ–ի կազմը փոխվել է, բայց Ազգային ժողովը ինստիտուտ է, այնտեղ իշխանության փոփոխությունը չպետք է ազդի շարունակականության վրա»։

Դիտարկմանը, որ շատ դատավորներ կապված են նախկին ռեժիմի հետ, նա պատասխանեց. «Մենք գիտենք, բայց եթե հիմա ՀՔԾ–ն կամ ԱԱԾ–ն ունեն որեւէ փաստեր, որով կարող է նրանց դեմ քրեական գործ հարուցել, թող անեն, ես կողմ եմ, բայց հակաօրինական ճանապարհներով չի կարելի հարցեր լուծել մեր երկրում»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դատական իշխանությունը եւս պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը իրավունք ունի այդ կերպ իր բողոքը արտահայտելու, համաձայն չէ՞ ինքը դրա հետ, Գորգիսյանն ասաց.

«Ինձ ասեք՝ ո՞վ է ժողովուրդը, մարդիկ որոնք գնացել են աշխատանքի, ժողովուրդ չե՞ն, դատավորները կամ դատարանում աշխատողները ժողովուրդ չե՞ն, ո՞վ է որոշում՝ ով է ժողովուրդը։ Ի՞նչ քանակի քաղաքացիներին ենք մենք համարում ժողովուրդ»։

Պատգամավորը շեշտեց՝ արդարադատությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է, իսկ թե սահմանադրական էր դատարնների մուտքերն ու ելքերը փակելը, թե հակասահմանադրական, գնահատականը նա թողեց իրավապահ մարմիններին։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Այս կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարությամբ են հանդես եկել նաեւ մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպես նաեւ խորհրդարանում ներկայացված «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

Արդեն ժամը 13.00-ին կրկին Փաշինյանի կոչով մարդիկ սկսեցին բացել դատարանների մուտքերն ու ելքերը։