SLAC Ազգային արագացուցիչ լաբորատորիայի եւ Սթենֆորդի համալսարանի ինժեներները ռենտգենյան LCLS լազերի օգնությամբ պայթեցրել են ջրի ամենափոքր շիթերը։ Դա թույլ է տվել նրանց ջրի տակ ստեղծել ամենաբարձր ձայնը՝ ավելի քան 270 դեցիբել, տեղեկացնում է HighTech-ը՝ հղում կատարելով New Atlas-ին։

Ձայնի ուժը Երկրի վրա ունի վերին սահման՝ օդում այն կազմում է 194 դեցիբել, ջրի տակ՝ 270։ Բանն այն է, որ այս նիշերին հասնելիս միջավայրը, որում տարածվում են ձայնի ալիքները, սկսում է քայքայվել, եւ ձայնը չի կարող ավելի բարձր դառնալ։

Հենց դա էլ տեղի ունեցավ, երբ հետազոտողները ռենտգենյան լազերի օգնությամբ հարվածեցին ջրին։ Երբ ջուրը գոլորշանում էր, այնպիսի հարվածային ալիք էր առաջացնում, որը հետո բաժանվում էր բարձր եւ ցածր ճնշման գոտիների։

Փորձարկման ընթացքում հետազոտողները հայտնաբերել են, որ հենց ձայնի ինտենսիվությունը գերազանցում էր որոշակի շեմը, ջուրը վերածվում էր մանր պղպջակների, որոնք անմիջապես քայքայվում էին կավիտացիա կոչվող պրոցեսի ընթացքում։