Ամերիկյան Military.com պարբերականը ներկայացրել է սեռական սկանդալի մանրամասները, որը տեղի էր ունեցել ԱՄՆ ՌԾՈւ USS Florida սուզանավում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Տեղեկացվում է, որ անցած տարվա հունիսին անձնակազմի անդամներից մեկը կապիտանի օգնական Գրեգորի Քերչերին տեղեկացրել է, որ անձնակազմից ինչ-որ մեկը երկու ցուցակ է կազմել։ Դրանցից մեկում USS Florida նավի վրա գտնվող յուրաքանչյուր կնոջ տրվել են «աստղիկներով» գնահատականներ, իսկ մյուսում եղել են սեռական բնույթի մեկնաբանություններ, որոնցով գնահատկան է տրվել նավի կանանց։

Այդ ցուցակների մասին լուրերը արագ տարածվել են սուզանավի անձնակազմում, ինչից հետո  կանայք սկսել են անհանգստանալ իրենց անվտանգության համար։

Քերչերը փորձել է պարզել ցուցակը կազմողներին, բայց միջադեպին պաշտոնական հետաքննության ընթացք չի տվել։ Երբ այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ ՌԾՈւ ղեկավարությանը, Քերչերը պաշտոնաթող է արվել «թիմը ղեկավարելու կարողությունը եւ վստահությունը կորցնելու պատճառով»։ Ավելի ուշ անձնակազմի մի քանի այլ անդամներ կարգապահական նկատողություններ են ստացել։

Պարբերականը ճշտում է, որ USS Florida-ն ԱՄՆ ՌԾՈւ երկրորդ սուզանավն է, որտեղ կանայք են ծառայում։ Սկանդալի պահին անձնակազմի 173 անդամից 32-ն էր կին։