Մայիսի 19-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամադ ալ-Տայիբի (Ahmed Mohamed el-Tayeb)հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ահմադ Մուհամադ ալ-Տայիբը, ողջունելով դեսպան Կարեն Գրիգորյանին, շնորհավորեց նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ՝ միաժամանակ կարեւորելով հայ-եգիպտական հարաբերությունների նշանակությունը եւ տարբեր ուղղություններով դրանք զարգացնելու կարեւորությունը։

ՀՀ դեսպանը շնորհավորելով գերագույն իմամին Ռամադան սուրբ ամսվա կապակցությամբ մաղթեց խաղաղություն եւ բարեկեցություն իսլամի բոլոր հետեւորդներին։ Նա եւս անդրադարձավ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների բազմամյա ավանդույթին, նշելով, որ Հայաստանը մշտապես ունեցել է բարեկամական հարաբերություններ արաբական երկրների հետ։ Հայկական կողմը բարձր  է գնահատում արաբական երկրների դրական դերակատարությունը Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված հայության մասնիկներին ապաստանելու գործում։

Հանդիպման ընթացքում խոսվեց միջկրոնական հանդուրժողականության եւ համակեցության խնդիրների եւ ալ-Ազհար համալսարանի հետ հնարավոր համագործակցության մասին։

Տեղեկանք․ Ալ-Ազհարի գերագույն իմամը (ալ-Ազհարի գերագույն շեյխ) հեղինակավոր կոչում է սուննի իսլամում եւ պաշտոնական կոչում Եգիպտոսում։