Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դե ֆակտո կասեցրել է կուսակցական գործունեությունը: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց  նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

«Նախարարը ներկայացնում է Կառավարության դիրքորոշումը, եւ որեւէ մասնակցություն չի ունեցել այսօր «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մշակման աշխատանքներում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու եւ դրան հաջորդած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի կապակցությամբ հայտարարություն էր տարածել նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը։

Հայտարարեության մեջ նշված է, որ Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։

«Հնարավոր չէ հաստատել դատական իշխանության անկախությունը՝ խոչընդոտելով դատարանների գործունեությունը: Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսեւորում է իբրեւ ընդդիմադիր եւ ձեռնարկում գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում միջազգային հարթակում եւ ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը»,–ասված է հայտարարության մեջ։