ԱՄՆ-ն  քաջալերում է ՀՀ կառավարությանը հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։

Լրատվամիջոցը դիմել էր ԱՄՆ դեսպանատուն՝ պարզելու ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության գործունեությունը սահմանափակելու, մասնավորապես՝ դատարանները արգելափակելու եւ դատավորների վեթինգ անցկացնելու վարչապետի հայտարարության վերաբերյալ։

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր եւ իրավունքի գերակայության հաստատությունների ձեւավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն եւ կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն»,–նշել են դեսպանատնից: