ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Նա ասաց, որ քիչ առաջ դատարանի աշխատակազմից զանգահարել են եւ տեղեկացրել որոշման մասին։

Փաստաբանի խոսքով՝ դատարանն ամենայն հավանականությամբ ՍԴ է դիմել Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով։ Նշենք, որ նախքան գործը դատաքննության պատրաստելը դատարանը կարող է նման որոշում կայացնել։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան, սակայն դատարանն այն չէր քննել:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորութամբ: