Ես շատ անելիքներ ունեմ, հրաժարական տալ դեռ չեմ պատրաստվում, բայց եթե կլինի հանրային պահանջ, ես նույն վայրկյանին հրաժարական կտամ: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը: Նա պատմեց, որ հիմա աշխատում է էլեկտրոնային Արդարադատության հայեցակարգի վրա, որի ներդրմամբ՝ կգործի տվյալների մշակման կենտրոն։

Հարցին՝ արդյոք դատական համակարգում կախյալ դատավորները շատ են, Հովհաննիսյանն ասաց, որ կան եւ՛ անաչառ դատավորներ, եւ՛ կախյալ դատավորներ. «Ունենք դատավորներ, որոնք զբաղվում են ամեն ինչով, եւ արդարադատությամբ ավելի քիչ: Բայց դա որեւէ կերպ չպետք է նսեմացնի մեր արդար, անկախ եւ պատրաստ փոփոխությունների դատավորներին: Այսօր մենք տեսնում ենք, որ հանրային վստահությունը դատավորների հանդեպ շատ ցածր է: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ դատավորների այդ քանակը դարձնենք որակ: Ցավոք, ԲԴԽ-ն դատարաններին վերահսկելու իրավազորություն չունի, եւ դա մեր դատական օրենսգրքի խնդիրներից մեկն է»:

Հիշեցնենք, որ Հայկ Հովհաննիսյանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ չհամաձայնելով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ձեւակերպմանը, թե Փաշինյանի՝ դատարանների շենքերը շրջափակելու կոչը դատարանների աշխատանքի խոչընդոտում է:

Նշենք, որ նախօրեին երեկոյան ԲԴԽ-ն նիստ էր հրավիրել, որտեղ անընդունելի էր համարել ՀՀ վարչապետի կոչով դատարանների բնականոն գործունեության խաթարումը: ԲԴԽ-ն միաժամանակ կոչ էր արել դատավորներին եւ դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսեւորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Վարչապետի կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: