Իտալիայի Տոսկանա մարզում՝ Էլբա կղզում, հյուրերին հյուրանոցային համարի կամ տների համար ծախսերի փոխհատուցում են առաջարկում, եթե հանգստի ժամանակ երկարատեւ անձրեւներ են տեղացել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

#ElbaNoRain անվանմամբ նախաձեռնությունը պատահական չի ստեղծվել: Այն ստեղծվել է հարցման հիման վրա, որի համաձայն՝ իտալացիների 72%-ը վստահում է եղանակի տեսությանն ու հանգստի վայր է ընտրում՝ «խորհրդակցելով» օդերեւութաբանների հետ: Խնդիրն այն է, որ Էլբայում կանխատեսումները հաճախ չեն իրականանում:

Սխալն ուղղելու համար տեղի իշխանությունները որոշել են փոխհատուցում վճարել: Պայմանը հետեւյալն է. եթե առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 8-ը պահպանվել են եղանակային անբարենպաստ պայմանները, զբոսաշրջիկները կստանան գիշերակացի համար վճարված գումարը:

Նախաձեռնությունը կգործի մինչ մայիսի վերջ: Սակայն իշխանությունները չեն բացառում, որ այն կերկարաձգվի մինչեւ աշուն:

Օդերեւութաբանների տվյալներով՝ մայիսն ու հունիսն Իտալիային արեւային օրեն չեն շռայլի, եւ այդ նախաձեռնությունը դուր կգա զբոսաշրջիկներին: