Բարձրագույն դատական խորհուրդը վարչապետի այսօրվա ելույթի հետ կապված որևէ հայտարարությամբ հանդես չի գալու։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԴԽ մամլո խոսնակ Արման Խաչատրյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲԴԽ–ն այսօր նիստ չի գումարի։

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան ԲԴԽ-ն նիստ էր հրավիրել, որտեղ անընդունելի էր համարել ՀՀ վարչապետի կոչով դատարանների բնականոն գործունեության խաթարումը։ ԲԴԽ–ից հայտնել էին նաև, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում կարտահայտեն խորհրդակցությունից հետո կայանալիք նիստում, ինչը, փաստորեն, չկայացավ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։

Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության պետք է ենթարկվեն վեթինգի, այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի և ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Փաշինյանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն: Պետք է հրաժարական տան նաև բոլոր դատավորները, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և այլն։