Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավոր է կանգնել մարդասիրական մղումներից դրդված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա նշել է, որ այդտեղ քաղաքական աստառ չկա:

«Մեկն Արցախի նախկին նախագահն է, մյուսը՝ ներկա: Դա բացառապես մարդասիրական քայլ է»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է նրան, որ երաշխավորագրում նշված է Բակո Սահակյանի պաշտոնը, Դավիթ Բաբայանն ասել է.

«Մեկը բժիշկ է, մյուսը՝ վարորդ, իսկ Բակո Սահակյանն այժմ նախագահ է, դա էլ իր պաշտոնն է»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ: