ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին «Իմ քայլը» չի միանա։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Մենք այդ ստորագրահավաքին չենք միանալու, որովհետեւ մեզ համար կային որոշակի դրվագներ, ձեւակերպումներ, որոնք ընդունելի չէին», - նշեց նա։

Մակունցի խոսքով՝ իրենք կարեւորում են այդ թեմայով հանրային քննարկման անցկացումը եւ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ, թե երբ կլինի քննարկումը։

Դիտարկմանը՝ եթե խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը կարողանան բավարար չափով ստորագրություններ հավաքել եւ արտահերթ նիստ գումարել, քաղաքական մեծամասնությունը քվորում կապահովի՞, նա պատասխանեց.«Մենք, բնականաբար, այդ պարագայում ոչ մի այլ անելիք չունենք, քան հետեւել օրենքներին եւ օրինակարգին»:

Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը առաջարկում է արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին միացել են միայն ԼՀԿ խմբակցության 18 պատգամվորները։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցի խոսքով՝ ԲՀԿ–ն ամենայն հավանականությամբ վաղը կմիանա ստորագրահավաքին։