ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին: Այս մասին ֆեյբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նկատի ունենալով բազմաթիվ հարցադրումները՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին:

ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացնելու Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ին կայացված որոշման դեմ:

Արդեն իսկ ելքագրվել և դատարան է ուղարկվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը:

Նշված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց և հիմքերն ուսումնասիրելուց հետո ՀՀ դատախազությունը դիրքորոշում կարտահայտի այս որոշումը բողոքարկելու վերաբերյալ»,- ասված է նրա գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն անսպասելի որոշում է կայացրել։ Դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան: