Չինական հեռահաղորդակցային Huawei ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյն ասել է, որ ԱՄՆ-ը իր գործողություններով թերագնահատում է ընկերության հզորությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք զգացել ենք ԱՄՆ իրական վերահսկողությունը դեռեւս մեկ տարի առաջ։ Ամերիկյան պոլիտիկաններն իրենց ներկա գործողություններով թերագնահատել են Huawei ընկերության հզորությունը»,- երեքշաբթի ասել է Ժեն Չժենֆեյը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

Մայիսի կեսին ԱՄՆ առեւտրի նախարարությունը Huawei-ը մտցրեց սեւ ցուցակ, որը փակում է չինական ընկերության ճանապարհը ամերիկյան արտադրողների արտադրանքը եւ տեխնոլոգիաները գնելու հարցում։ Huawei-ը այն ընկերությունների ցանկում է, որոնց արգելված է գործեր վարել ամերիկյան բիզնեսի հետ՝ առանց համապատասխան լիցենզիաների։

Ռոյթըր գործակալության տվյալներով՝ Google-ն արդեն դադարեցրել է համագործակցությունը Huawei-ի հետ այն ոլորտներում, որոնք պահանջում են սարքավորումների, ծրագրային ապահովման եւ տեխնիկական սպասարկումների փոխանցում, բացի նրանցից, որոնք հասանելի են բաց լիցենզիաներով։

Երկուշաբթի ԱՄՆ առեւտրի նախարարությունը տեղեկացրել էր Huawei-ի համար ժամանակավոր թույլտվությունների տրամադրման մասին, որոնք թույլ կտան նրան պահել առկա հաղորդակցային ցանցերը եւ ծրագրային թարմացումներ տրամադրել հաճախորդներին։ Ժամանակավոր թույլտվությունները կգործեն մինչեւ օգոստոսի 19-ը։