Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Այս մասին ասված է դեպքի առնչությամբ ոստիկանության տարծած հաղորդագրությունում :

«Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:

Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:

Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով մայիսի 20-ին, մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։ Իսպիրյանը չի հերքել, որ միջադեպ է տեղի ունեցել։ «Կասկադում ռեստորանում նստած էի, 20 հոգով եկան։ Մեկին ճանաչեցի` Նարեկ Մալյանի հետ հաղորդում են վարում։ Երեխաների հետ նստած էի, մոտեցավ ինձ ասաց` բախտդ բերեց էրեխեքի հետ ես նստած։ Ես էլ հարցրի` ի՞նչ կլիներ որ մենակ լինեի, ասաց` կլիներ, կտեսնեիր։ Ուրիշ բան չի եղել` կռիվ, հայհոյանք։ Ինչ իրավունք ունեն նման բան անելու, երբ ես նստած էի էրեխաների հետ, 20 հոգով սև շորերով մոտենան, հարձակվեն ու տենց արտահայտություններ անեն։ Էդ ի՞նչ պիտի անեին ինձ, որ մենակ լինեի։ Ինչ մի իրենց ազատ են զգում էս քաղաքում։ Իրենք գիտեն, որ ես «Իմ քայլը» դաշինքից եմ, իրենք գիտեն, որ ես հեղափոխության առաջին օրվանից եղել եմ, դրանից բորբոքվել են իրենց։ Չգիտեմ` ինչ են մտածում։ Վարձատրվում են, ու իրենց լավ ազատ են զգում։ 20 հոգով նենց լավ քաղաքով ման գալիս։ Պատերին էլ գրում են Սուտ Նիկոլ արտահայտությունը։ Մենակ դրա համար իրենց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ Երևի իրենց բախտը բերեց, որ ես երեխաների հետ էի, ասեմ իմանաք։ Որևէ մեկը իմ հանդեպ նման թշնամություն չի ունեցել, ինչպես էդ լակոտները»,- ասել է Իսպիրյանը։ Կայքի փոխանցմամբ, ըստ էության՝ խոսքը Մալյանի մտերիմներից Արթուր Դանիելյանի մասին է: