Եկատերինբուրգում կայացրել են տեղի բնակիչ Գեւորգ Ավետիսյանի դատավճիռը, որը այս տարեսկզբին հրդեհից փրկել էր երեք երեխայի։ Ինչպես պարզվել է, հերոսը քրեական գործով էր անցնում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Քննության տվյալներով՝ 2018 թվականի սեպտեմբերի 8-ին Ավետիսյանը եւ նրա ընկերը՝ Չերվոնի Օղլին, դաժանաբար ծեծել են մի տղամարդու Սովետական կանանց փողոցում։

«Տեղի ունեցավ բանակռիվ, ինչի հետեւանքով Ավետիսյանն ու Օղլին չարամտորեն որոշում կայացրին՝ ուղղված տուժածին ծանր առողջական վնաս հասցնելուն»,- ասել են Սվերդլովսկի դատախազության մամուլի ծառայությունում։- Իրականացնելով հանցավոր մտադրությունը՝ Ավետիսյանը վերցրել է աղյուսն ու հարվածել տուժածին ուսի հատվածում։ Վերջինը փորձել է խուսափել մարմնական վնասվածքներից, վազել է դեպի տուն Գրիզոդուբովայի փողոցով, բայց Ավետիսյանը եւ Օղլին հասել են նրան։

Օղլին տուժածին ոտքով 6 հարված է հասցրել փորի եւ կրծքի շրջանում, իսկ Ավետիսյանը՝ մոտ 10 հարված մեջքին ու իրանին։ Ավելի ուշ տղամարդուն ախտորոշել են 11 կողերի կոտրվածք ձախից՝ թոքի վնասմամբ, եւ օդի կուտակում ձախ պլեւրալ խոռոչում, որը վտանգավոր է կյանքի համար եւ որակվում է  որպես առողջության համար վտանգավոր։

Ամբաստանյալները նախաքննության եւ դատաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը մասամբ։ Դատարանը Չերվոնի Օղլիին նշանակել է 4 տարի 6 ամիս ազատազրկում՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, Գեւորգ Ավետիսյանին, հաշվի առնելով ակտիվ հասարակական դիրքորոշումը հանցագործություն կատարելուց հետո, պայմանական ազատազրկում՝ 4 տարի փորձնական ժամկետով։

Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել։