Ախալքալաքի Կարծախի գյուղում գիշերը հարձակվել են պահակի վրա եւ գոմից գողացել 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Սահմանապահները կարողացել են անասունը վերադարձնել մինչեւ Թուրքիայի սահմանը հատելը, կողոպտիչները հասցրել են թաքնվել, հայտնում է Jnews-ը: 

Թուրքիային սահմանակից Կարծախի գյուղում ավազակային հարձակումն ու գողությունը տեղի է ունեցել ժամը մոտ 1:00-ին: Գոմի պահակ Սարգիս Գասպարյանի խոսքով՝ ինքը հեռախոսով որդու հետ էր խոսում, հետո աղմուկ եւ շան հաչոցը լսելով՝ բացել է վագոն-տնակի դուռը, որտեղ գիշերում է: Վատ բան զգալով՝ վերադարձել է եւ դուռը փակել: Կողոպտիչները շանը սպանել էին կրակոցով, հետո կոտրել էին վագոնի դուռը եւ ներս մտել:

«Մտան եւ պահանջեցին հեռախոսս: Ես վրացերեն ասացի, որ չեմ տա, իսկ նա թուրքերեն ասում է՝ ոնց չես տա եւ հարվածեց ինքնաձիգի կոթով: Ես հասցրեցի հեռախոսս մի կողմ նետել: Հետո ինչ-որ բան ցողեցին աչքերիս, մտավ երկրորդը, եւ սկսեցին կապկպել թեւերս: Կապեցին պարանով եւ ձեռնաշղթա հագցրին, բերանս փակեցին եւ գնացին: Նրանք զինվորական համազգեստով էին: Վստահ եմ, որ վրացերեն գիտեին, թուրքերեն ակցենտով էին խոսում: Ես թուրքերեն մի քիչ հասկանում եմ»,- ասել է Սարգիս Գասպարյանը:

Սարգիս Գասպարյանը երեք մարդու է տեսել, թե կողոպտիչները քանի հոգի էին՝ չգիտի: Պահակի վագոնը գտնվում է գոմի ճակատային մասում: Չարագործները գոմ են մտել պատուհանից եւ անասունը տարել են վագոնի հակառակ կողմից:

Կողոպտիչների գնալուց հետո Սարգիս Գասպարյանը դժվարությամբ քանդել է կապերը, բայց ձեռնաշղթաները մնացել են ձեռքերին: Նա բացել է դուռը եւ վազել դեպի տիրոջ տուն: Նրա խոսքով՝ սկսել է գլխով հարվածել պատուհանին՝ մինչեւ արթնացրել է մարդկանց:

Գոմի եւ անասունի տերը՝ Ատոմ Օգմրցյանը, անմիջապես ոստիկանություն է զանգահարել, հետո գնացել է սահմանապահ ուղեկալ:

«Ինձ ուղեկալում ասացին, որ երբ ես 1:43 զանգեցի, նրանք 1:32 արդեն տեսել էին, որ անասունը տեղափոխում են: Ասում են, որ 4 մարդ կար: Փոխհրաձգություն էր եղել, եւ կողոպտիչները չէին կարողացել տանել անասունը, բայց փախել էին, սահմանապահները չէին կարողացել բռնել նրանց»,- ասում է Ատոմ Օգմրցյանը:

Կողոպտիչները ձիերով էին: Անասունը գտել էին բուֆերային գոտում եւ վերադարձրել: Սարգիս Գասպարյանին տարել էին շտապ օգնության մեքենայով: Նրա վերքը մաքրել էին, ներարկումներ արել եւ դուրս գրել:

Ատոմ Օգմրցյանը եւ գյուղացիները վրդովված են: Սա սահմանամերձ գյուղերում անասունի գողության առաջին դեպքը չէ, իսկ Օգմրցյանի համար սա 3-րդ դեպքն է: Առաջին անգամ անվերադարձ գողացել էին նախանցյալ տարի՝ 34 գլուխ, անցյալ տարի 35 գլուխ անասուն էին գողացել, նրանց գտել եւ վերադարձրել էին: Բոլոր դեպքերի ժամանակ անասունը տարել էին Թուրքիայի կողմ:

Վրաստանի ՆԳՆ-ն Կարծախիում կատարվածի փաստով ՔՕ 179-րդ հոդվածով հետաքննություն է սկսել (Ավազակություն, այսինքն՝ հարձակում ուրիշի շարժական գույքի ապօրինի յուրացման նպատակով, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, պատժվում է 5-7 տարվա ազատազրկմամբ):