Հայկական ծագմամբ անձանց մուտքի արգելքը Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք Բաքվում Եվրոպայի լիգայի  ֆուտբոլային երկրպագուներ են լինելու, զայրույթ եւ անհանգստություն է առաջացնում։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում։

Մեկնաբանելով այն, որ առաջնությանը չի մասնակցելու Հենրիխ Մխիթարյանը, ԱԳՆ մամուլի քարտուղարն ասել է, որ եթե Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ տային, դա տեղի չէր ունենա։ Ինչ վերաբերում է հայկական ծագմամբ քաղաքացիների մուտքի զանգվածային արգելքին, ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունների նման պահվածքը անհանգստություն է առաջացնում ընդհանուր առմամբ վստահության մթնոլորտի ձեւավորմանը պատրաստ լինելու տեսակետից։ «Մենք կողջունեինք Բաքվի հայտարարությունն այն մասին, որ սպորտը բարձր է քաղաքականությունից։ Սպորտում ռասիզմն անթույլատրելի է։ Եվ հայկական ծագմամբ երկրպագուների մուտքի արգելքը ռասիզմի դրսեւորում է եւ կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման մակարդակի միջազգային միջոցառման անցկացումը։ Ադրբեջանի իշխանությունները պետք է խաղաղության հաստատման հավատարմություն ցուցաբերեին, բայց մենք հակառակն ենք տեսնում»,- նշել է Աննա Նաղդալյանը։

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29-ին Բաքվում։ Ավելի վաղ «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը տարակուսանք էր հայտնել Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու առիթով։ Մրցաշարի վճռական խաղում հանդիպելու են Չելսին» եւ «Արսենալը»։

«Իհարկե,   Մադրիդ մեկնելը շատ թանկ է։ Բայց այդ քաղաքը գոնե գտնվում է աշխարհի այլ ծայրում։ Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում զվարճալի է։ Չգիտեմ, ինչ են տվել նախաճաշին այն մարդկանց, ովքեր նման որոշում են կայացրել։ Անցած անգամ Լիգայի չեմպիոններին ընդունեց Կիեւը։ Դա հիանալի քաղաք է, բայց հավանականությունը, որ ռուսական թիմը կամ մեկ այլ թիմ աշխարհի այդ ծայրից դուրս կգա եզրափակիչ, շատ ցածր էր։ Պատկերացում չունեմ, թե ինչպես պետք է հասնենք Բաքու, եւ կա՞ն արդյոք այնտեղ մշտական չվերթեր։ Նման որոշումները պետք է շատ ավելի կշռադատված լինեն, խելամիտ։ Սա անպատասխանատու է թվում։ Չգիտեմ՝ ինչպիսի՞ն են քաղաքների ընտրության չափանիշները։ Գուցե սկզբում պետք է պայմանավորվել քաղաքում խաղի անցկացման օրը գներն իջեցնելու կամ գոնե սառեցնելու մասին։ Լսել եմ՝ հիմա 100 ֆունտանոց սենյակը 2700-ով են տալիս։ Սա պարզապես խելագարություն է»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։