«Բոլորին բոլորի հետ» գերիների փոխանակման սկզբունքը չի տարածվում մարդասպանների վրա: Մայիսի 21-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ այս մասին հայտարարել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ Արցախի իշխանություններն այս հարցն արդեն մեկնաբանել են: «Հայաստանը հանձնառու է մարդասիրական գործողություններին: Սակայն դրանք չպետք է խրախուսեն անպատժելիությունը, հատկապես ծանր հանցագործություններով: Անչափահասի սպանությունը առանձնապես ծանր հանցագործություն է: «Բոլորին բոլորի հետ» սկզբունքը ելք չէ, քանի որ կարող է դառնալ մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտման խրախուսում: Ատելության հիմքով անպատժելի հանցագործությունները նոր հանցագործություններ են հրահրում: Առավել եւս հիմքեր կան ենթադրելու, որ հանցագործները հերոսացվելու են: Մենք արդեն հանցագործի նման հերոսացման ականատեսը եղել ենք: Նա ազգային հերոս հռչակվեց միայն հայի սպանության համար: Մենք պետք է կանխենք նման գործողությունները»,- շեշտեց ԱԳՆ մամուլի քարտուղարը: