Մայիսի վերջին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այց: Մայիսի 21-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Միջնորդները կայցելեն Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու: «Բնականաբար, հանդիպումների ժամանակ կքննարկվեն առաջիկա քայլերը եւ գործողությունները, բայց այս պահին մանրամասներ չեմ կարող հայտնել»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Ի պատասխան Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին հարցին՝ ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ հերթական հանդիպումն առաջարկվել է համանախագահների կողմից: «Մենք սպասում ենք տեխնիկական մանրամասների հստակեցմանը, որպեսզի հանդիպման մասին համաձայնեցված հայտնենք: Ընդունող կողմը պետք է որոշի տեղը եւ ժամանակը: Հաշվի առնելով նախորդ հանդիպումների ժամանակացույցը՝ դրանք եղել են Փարիզում եւ Մոսկվայում, հնարավոր է հանդիպում Վաշինգտոնում»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է Բաքվի ագրեսիվ հռետորաբանությանը, ապա ԱԳՆ մամուլի քարտուղարը շեշտեց, որ Երեւանը մտադիր չէ նման հնչերանգի հետեւել, այլ ելնում է այն բանից, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Առաջնահերթություններ են շարունակում մնալ Հայաստանի եւ Արցախի զարգացումն ու անվտանգությունը, եզրափակեց Աննա Նաղդալյանը: