Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի եւ նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով:

Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. եւ 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի եւ նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշը գերազանցել է սահմանված նորմը (20մգ/կգ-ի փոխարեն 25.419 մգ/կգ), ինչպես նաեւ արտադրատեսակի մակնշման մեջ բացակայել է կալիումի եւ նատրիումի ֆերոցիանիդի (E 536) քանակությունը հավաստող տեղեկությունը:

Տեսչական մարմնի կողմից տնտեսվարողին տրվել է գրավոր կարգադրագիր «Սոլտեքս» ՍՊԸ-ի պահեստում առկա 500կգ ընդհանուր քանակով նշված արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու եւ օգտահանելու համար, ինչպես նաեւ՝ մակնշման մեջ ավելացնել կալիումի եւ նատրիումի ֆերոցիանիդի քանակությունը հավաստող տեղեկատվությունը: