ՀՀ ԱԳՆ-ն հույս ունի, որ Բելգիայի խորհրդարանը կճշտի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում։

Պատասխանելով Բելգիայի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրենքի ընդունման մասին հարցին, որում, սակայն, Հայոց ցեղասպանությունն անտեսվել է, ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքի կողքին անհրաժեշտ է համալիր պայքար ժխտման փորձերի դեմ։ Դրան հատուկ հրատապություն են հաղորդում թուրքական կողմի շարունակական հայտարարությունները։ «Հույս ունենք, որ Բելգիան կճշտի իր դիրքորոշումը Ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում»,- ամփոփել է Աննա Նաղդալյանը։