Մոտ 400 օրենսդիրներ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի հարցում, որն ուղղված կլինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը։ Համապատասխան նամակը, որի տակ ստորագրել են Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների անդամները, տարածել է օրենսդիր մարմնի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն։

«Օրենսդիրների մի խումբ, որի մեջ են երկու կուսակցությունների եւ (Կոնգրեսի) պալատների անդամներ, նախագահին կոչ են արել  համապարփակ ռազմավարություն իրականացնել Սիրիայի հարցում՝ ուղղված անվտանգության սպառնալիքների վերացմանը, որոնց (տարածաշրջանում) բախվում են Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները»,- պարզաբանել են կոմիտեի մամուլի ծառայությունում։

«Հակամարտությունը Սիրիայում բարդ է, եւ պոտենցիալ լուծումները կատարյալ չեն, բայց մեր միակ ընտրությունն այն քաղաքականությունն է, որը կարող է կանգնեցնել ԱՄՆ, Իսրայելի շահերը վտանգող, տարածաշրջանային անվտանգության ու կայունության աճող սպառնալիքների դադարեցումը։ Այդ ռազմավարությունը պահանջում է ամերիկյան առաջատարություն»,- ասում են օրենսդիրները նամակում։ Սիրիայում ահաբեկիչների կողմից պահվող «չկառավարվող տարածքները», ըստ նրանց, սպառնում են ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին։ Քաղաքական գործիչները Թրամփին նաեւ խնդրում են ավելի արդյունավետ աջակցություն ապահովել Իսրայելին ընդդեմ Սիրիայի հետ սահմանի երկայնքով առկա սպառնալիքների։

Նրանք դարձյալ ԱՄՆ նախագահին կոչ են արել «ուժեղացնել ճնշումն Իրանի եւ Ռուսաստանի վրա՝ Սիրիայում (նրանց) գործունեության հետ կապված։ «Ամերիկայի հստակ եւ հետեւողական գործողությունները եւ սերտ համակարգումը մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ կարող են կարեւոր ազդանշան ուղարկել չարամիտ սուբյեկտներին տարածաշրջանում»,- ասվում է նամակում։ Օրենսդիրները նաեւ մատնանշել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման վրա ճնշան սաստկացման անհրաժեշտությունը։

2018 թվականի դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարեց, որ որոշել է զորքերը դուրս բերել Սիրիայից։ Ենթադրվում էր, որ դա տեղի կունենա 60-100 օրվա ընթացքում։ Փետրվարի 10-ին ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը տեղեկացրեց, որ զորքերի դուրսբերումը կարող է սկսվել առաջիկա շաբաթներին, բայց վճռական գործոն է լինելու իրավիճակը տեղում։ Հետագայում Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները, համաձայն մամուլի հրապարակումների, փաստորեն համոզեցին ԱՄՆ նախագահին վերանայել սկզբնական որոշումը եւ Սիրիայում թողնել ԱՄՆ ուժերի մի մասը։