Եմենի «Անսար Ալլահ» (հուսիթներ) ապստամբական շարժումը երեքշաբթի հայտարարել է, որ կարողացել է անօդաչու սարքի միջոցով հարձակվել Սաուդյան Արաբիայի օդանավակայանում գտնվող օբյեկտներից մեկի վրա, հաղորդում է Associated Press-ը:

Նրա հաղորդմամբ՝ հուսիթները հայտարարություն են տարածել, որում հայտնել են, որ հարձակման է ենթարկվել  զենքով պահեստը, որը գտնվում է Եմենի սահմանի մոտ գտնվող սաուդյան Նաջրան քաղաքի օդանավակայանի տարածքում:

Արդյունքում օբյեկտում հրդեհ է բռնկվել: Վնասի չափի եւ զոհերի մասին  չի հաղորդվում:

Ավելի վաղ, երեքշաբթի սաուդյան լրատվական գործակալությունը, հղում անելով Եմենում գործող Ռիադի ղեկավարած զինված կոալիցիայի ներկայացուցչին, հաղորդել էր, որ հուսիթների ուժերը Նաջրանում պայթուցիկներով դրոնով «փորձել են հարձակվել» ինչ-որ քաղաքացիական օբյեկտի վրա: Կոալիցիայի ներկայացուցիչը մանրամասներ չի ներկայացրել:

2014 թվականի օգոստոսից Եմենում կառավարական ուժերի եւ ապստամբ  հուսիթների միջեւ դիմակայությունը շարունակվում է: Այն առավել ակտիվ փուլ էր մտել 2015 թվականին կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում է  Սաուդյան Արաբիան:

Այդ ժամանակ  երկրի զգալի մասում վերահսկողություն հաստատած հուսիթների դեմ «Վճռականության փոթորիկ» անվանումը ստացած գործողությանն աջակցել էին Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը եւ Միացյալ Արաբական Էմիրությունները: Նրանց միացել էին Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը եւ Սուդանը: