Մայիսի 20-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգներին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում գենդերային հավասարության պաշտպանության ու կանանց առաջխաղացման ուղղությամբ վերջին ձեռքբերումները` ընդգծելով, որ կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված: Նախարարն անդրադարձավ այս խնդիրներում առկա մարտահրավերներին եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ կատարեց 2020-2021թթ. ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահությանը, Տնտեսական եւ սոցիալական խորհրդում եւ Մարդու իրավունքների խորհրդում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի քայլերին եւ նախաձեռնություններին:

Մտքեր փոխանակվեցին միջազգային ձեւաչափերում կանանց իրավունքների առնչությամբ Հայաստանի ընթացիկ գործունեության եւ իրականացվող ծրագրերի շուրջ:

Օսա Ռեգները UN Women-ի լիակատար աջակցությունը հայտնեց կանանց իրավունքների բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին եւ ներկայացրեց համագործակցության մի շարք առաջարկներ: