Շատ կարեւոր է, որ Հայաստանի գիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որ այսօր ՀՀ-ում կատարվում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԳԱԱ-ում Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, կառավարությունը չպետք է լինի մեկուսացած, այլ պետք է փորձագիտական ու գիտական հանրության հետ մշտական հաղորդակցության մեջ: «Սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր բոլոր տեսակետները կհամընկնեն, կլինեն իհարկե, նյուանսներ, բայց ես համոզված եմ, որ այս տեսակետների բախման, քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր գաղափարներ, որոնք կիրագործվեն, որոնք կապ չեն ունենա պահի կոնյուկտուրայի հետ, կլինեն երկարաժամկետ»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ մեծ հետաքրքրությամբ սպասում է զեկուցումներին:

Իր խոսքում ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ ՀՆԱ կառուցվածքում վերամշակող արդյունաբերությունը ընդամենը 11 տոկոս է կազմում, մինչդեռ գյուղատնտեսության տեսակարար կշիռը 14 տոկոսի է հասնում: Նա ընդգծեց, որ վերամշակող արդյունաբերության մեջ 60 տոկոսից ավելին սննդի արդյունաբերությունն է, մինչդեռ գիտական արտադրանքը, որն անմիջականորեն առնչվում է գիտության հետ, ընդամենը 4-5 տոկոս է:

Սուվարյանը մտահոգություն հայտնեց, որ կրթության ոլորտում 64 տոկոսից ավելին հումանիտար ոլորտներին է բաժին ընկնում, ճիշտ կլիներ, որ 50/50 լիներ հումանիտար եւ ճշգրիտ գիտությունների հարաբերակցությունը: