ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովը մայիսի 21-ի նիստում հավանության արժանացրեց «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որն արգելում է ֆինանսական համակարգերում հանցագործների ներգրավումը որպես բաժնետեր կամ սեփականատեր:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ներկայացնելով փաթեթը, հավաստիացրեց, որ դրա ընդունումը կլրացնի  փողերի լվացման ոլորտում իրավական կարգավորման մեջ առկա բացը: «Այսօր օրենքը ուղղակիորեն չի արգելում անձանց, ովքեր նախկինում մեղադրվել են հանցագործությունների համար կամ հանցագործներ են` ֆինանսական համակարգերում ներգրավել որպես բաժնետեր կամ սեփականատեր: Առաջարկվում է համապատասխան արգելք մտցնել», - ասաց նա:

Երիցյանը պարզաբանեց, որ Կենտրոնական բանկը իր մեխանիզմների միջոցով կարգավորում է այդ հարցը, սակայն կարեւոր է ունենալ համապատասխան օրենսդրական կարգավորում, այդ թվում միջազգային գրավչության տեսանկյունից:

Նա հավելեց, որ այդ հարցով ԿԲ-ն համագործակցում է  Ինտերպոլի հետ, իսկ տվյալ օրենքի հակառակ ուժի կիրառման խնդիրներ, ըստ ամենայնի, չեն լինի, քանի որ ԿԲ համակարգում չկա նման խնդիր, իսկ եթե լինի էլ, ապա նման սուբյեկտները կհեռացվեն սեփականատերերի կամ բաժնետերերի ցանկից: