Հայաստանում դատական բարեփոխումների հրամայականն անկասելի է: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ նշվում է. ««Ժառանգություն» կուսակցությունը, հետեւելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է , որ այս կարեւորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է  իր մարտավարական շահերին: Առաջնորդելով դատարանների դռները փակելու անհեռանկար եւ վտանգահարույց գործողությունը եւ հանրային աջակցություն չստանալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը սկսում է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը խորհրդարանի հետ միասին, պատրաստ է անգամ սահմանադրական փոփոխությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Քաղաքականապես անհասկանալի է, թե ինչն էր նրան խանգարում այս կարեւորագույն խնդիրներին լուծում տալ անցած մեկ տարվա ընթացքում: Գրեթե մեկ տարի հայաստանյան քաղաքական դաշտում բարձրաձայնում էին այս հիմնարար դրույթները, իսկ այժմ դարձյալ փորձ է կատարվում միանձնյա որոշումներ ընդունել՝ շրջանցելով անհրաժեշտ  քաղաքական եւ հանրային քննարկումների փուլը, ինչը հղի է ներքաղաքական ցնցումների եւ նենգադուլների հետագա կրկնություններով:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ  միանձնյա, փողոցային պայքարի՝ դիպվածային եւ կասկածելի օրինականություն ունեցող քայլերով ու կարգախոսներով անցումային արադարադատության մեխանիզմներ ներդնել անհնար է. դրանց հաջող գործարկման համար հանրային-քաղաքական ներգրավվածությունը եւ համերաշխությունը պարտադիր պայման են:

Կոչ ենք անում վարչապետին զերծ  մնալ  արկածախնդրական քայլերից, որոնք վտանգում են ՀՀ միջազագային հեղինակությունը՝ որպես ժողովրդավարական եւ իրավական պետության:

Ակնկալում ենք խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ու հասարակական ուժերի հետ օր առաջ քննարկումների կազմակերպում՝ օրենսդրորեն բացառելու համար հին ուժերի վերադարձը եւ սահմանադրական կարգի տապալման բոլոր հնարավոր փորձերը»: