Իսպանիայի Գրանադա քաղաքի բնակիչները ննջարանի պատի մեջ ողջ մեղուների պարս են հայտնաբերել: Այս մասին հայտնում է տեղական 20 minutos պարբերականը:

Իսպանացիները խոստովանել են, որ 2 տարի շարունակ պատի հետեւից լսել են խուլ շչացող ձայներ: Նրանք հաճախ էին գիշերն արթնանում եւ չէին կարողանում քնել անհասկանալի աղմուկի պատճառով: Մոտ 3 ամիս առաջ ձայներն ավելի բարձր են դարձել, եւ բնակիչները կանչել են տեղացի մեղվաբույծին:

Ժամանած տղամարդը զննել է ննջարանը եւ պատի մեջ մոտ 80 հազար ողջ մեղուների հայտնաբերել: «Այնտեղ մեղուների ահռելի պարս էր…զարմանալի է, թե ինչպես նրանց ականջների մեջ մշտապես չի դզզացել,- նշել է  մեղվաբույծը: - Չեմ հասկանում, թե նրանք նման պայմաններում ինչպես են 2 տարի ապրել»:

Փեթակների տեղափոխման մասնագետ Սերխիո Գերերոն բացատրել է, որ մեղուները մեծ ակտիվություն են դրսեւորել եւ սկսել են աղմկել եղանակի տաքանալու հետեւանքով: Նրա խոսքով՝ մեղուներն այսպես բազմացել են, քանի որ տան կողքին ծաղիկներ էին աճում: