Ֆինլանդիայում երեխաներն այս տարի մեծահասակներին հավասար կարող են մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին, իհարկե՝ նրանց թեկնածուներն առանձնահատուկ կլինեն։

Քվեարկության օրը ծնողները հնարավորություն կունենան երեխաներին տանել իրենց հետ ընտրատեղամասեր, որտեղ մեծահասակների քվեարկության կետի կողքին կլինի մանկական քվեարկության կետ։ Այստեղ պատանի ֆինները կարող են իրենց ձայնը տալ վեց թեկնածուներից՝ երեւակայական կենդանիներից մեկի օգտին, որոնք ցանկանում են հայտնվել Եվրախորհրդարանում։ Յուրաքանչյուր թեկնածու ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ, օրինակ՝ Հելմի ձին «կանգ չի առնում ոչ մի պատնեշի առջեւ», իսկ Պասի բուն «իմաստուն կախարդ է, որը լսում է մյուսների կարծիքը»։

Ընտրությունների արդյունքը հայտնի կդառնա քվեարկությունից մեկ շաբաթ հետո։ Հաղթողի անունից Եվրախորհրդարանին կուղղվի ողջույն, իսկ փոքրիկ ընտրողները կստանան ուրախ առաջադրանք հաղթող թեկնածուից։ Այն կհրապարակվի «մանկական ընտրությունների» կայքում։

Երեխաների ընտրությունները Ֆինլանդիայում տեղի կունենան ամբողջ երկրում՝ 40 տեղական ինքնակառավարման մարմիններում։ Առաջին անգամ «մանկական ընտրություններ» տեղի են ունեցել Պորի քաղաքում 2017 թվականին։

Նման ընտրություններ նրանց համար, ովքեր դեռ շատ փոքր են իսկական ընտրություններին մասնակցելու համար, կանցկացվեն նաեւ ԵՄ այլ երկրներում։ Օրինակ, այս տարի Դանիայի ազգային խորհրդարանի ընտրություններից առաջ առաջին անգամ տեղի ունեցան ազգային ընտրություններ 13-17 տարեկան դպրոցականների համար։

Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի կունենա այս տարվա մայիսի 23-26-ին Եվրամիության բոլոր երկրներում, տեղեկացնում է «Եվրապուլսը»։