Մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ մայիսի 21-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքից: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 10։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արեւաբաց» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգեգործական ընկերություն համարվող տների հարեւանությամբ հոսող ջրատարը քաղաքացի է ընկել։

Մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով ջրանցքից դուրս են բերել Զովունի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Ծովինար Առաքելյանի դին։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կինն իր ամուսնու եւ ընտանիքի անդամների հետ նշված վայրում գյուղատնտեսական աշխատանքներով էին զբաղվում եւ դույլով փորձել է կանալից ջուր վերցնել ու երբ կքանստած վիճակում դույլը մտցրել է կանալի մեջ, ուժեղ ջրի հոսքը կնոջ հավասարակշռությունը կորցրել եւ գցել է ջրի մեջ ու քանի որ ջուրը շատ վարար է եղել, մոտ 100 մետր քշել-տարել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Հավաքվածներն ասում էին նաեւ, որ ավելի ցավալի է նաեւ այն, որ այդ ամենին ականատես է եղել հաշմանդամ ամուսինը, ով չի կարողացել փրկել կնոջ կյանքը։