Կառավարության աշխատանքի մեկ տարվա արդյունքներից մեկն այն է, որ տնտեսության բոլոր ոլորտներում մուտքն ազատ է եւ մրցակցային պայմանները հավասար են: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Սա պետք է տնտեսվարողների համար լինի այն հիմնական ազդակը, որ ժամանակն է ներդրումներ անել տեխնոլոգիաներում, ժամանակն է դառնալ մրցունակ եւ ժամանակն է երկարաժամկետ առումով ամրապնդելու դիրքերը թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է մնալ մեկ մարդու հաշվով ամենաքիչ էլեկտրաէներգիա արտադրող եւ սպառող պետություններից մեկը, ինչն անգամ ԱՊՀ տարածքում ամենացածր ցուցանիշներից մեկն է: «Սա անուղղակիորեն վկայում է ինդուստրիալ մակարդակի մասին, եւ մենք խնդիր ունենք շատ ներդրում կատարել այս ոլորտում եւ ներդրումեր կատարել վերականգնվող էներգետիկայի ոլորտում, միաժամանակ նաեւ դառնալ էներգախնայող»,-ասաց Խաչատրյանը:

«Առանց ներդրումների մենք չենք կարողանալու գնալ առաջ»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ տեխնոլոգիական ճեղքը տարբեր ոլորտներում նույնը չէ, հատկապես բաց կա գյուղոլորտում:

«Պետք է խոսել, թե ինչպես արտադրել տեխնոլոգիաներ, ոչ թե աշխարհի տեխնոլոգիաները կիրառել մեր տնտեսությունում»,- նկատեց Տ.Խաչատրյանը: