2019 թվականին կանխատեսվում է 4,6-6,1 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին մայիսի 21-ին Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով ԿԲ տարեկան հաշվետվությունը դրամավարկային քաղաքականության մասին։ Նա ավելացրել է, որ այսօրվա դրությամբ կետային կանխատեսումը ցույց է տալիս, որ խոսքը 5,4 տոկոսի մասին է։

Ներկայացնելով կանխատեսումը երկարատեւ հեռանկարի համար՝ ԿԲ փոխնախագահը նշեց, որ 36 ամսվա համար կանխատեսվում է աճ 3,8-5,3 տոկոսի մակարդակում՝ հաշվի առնելով նաեւ, որ հաջող օպտիմալացման եւ կառուցվածքային փոփոխությունների եւ գործընկեր երկրների տնտեսությունների կանխատեսվող աճի արդյունքում այն կարող է ավելի բարձր լինել։

Երիցյանն ընդգծել է գնաճի ցածր մակարդակի պահպանման կարեւորությունը, ինչը կարող է հանգեցնել եկամտաբերության կայուն բարձր մակարդակի երկարատեւ հեռանկարում։ «Գնաճը կազմում է 2,2 տոկոս եւ կլինի թույլատրելիի շրջանակում, ըստ մեր կանխատեսումների, այսինքն՝ 4 տոկոսի չափով, գումարած-հանած 1,5 տոկոս, նշանակում է՝ ստորին շեմը 2,5-3 տոկոսի շրջանակում է»,- ասել է նա։

Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի նկատառմանը, թե չի անհանգստացնում արդյոք այն, որ գնաճի ներկա 2,5 տոկոսի մակարդակը 40 տոկոսով ցածր է կանխատեսվողից, Ներսես Երիցյանն ասել է, որ վերականգնումը կլինի աստիճանական՝ հաշվի առնելով ներգործող գործոնները։ «Կանխատեսվող շրջանում, որը 36 ամիս է, գնաճը մոտավորապես 18 ամսում կայունանում է 4 տոկոսի մակարդակում»,- ասել է պաշտոնյան։

Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին, թե ինչպիսին է հանքարդյունահանման արդյունաբերության, մասնավորապես՝ Թեղուտի եւ Ամուլսարի,  բաժինը 2019-ի տնտեսական աճի թվերում, Ներսես Երիցյանը նշեց, որ Թեղուտի գործոնը չի ներառվել վերլուծությունում, իսկ ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա «մենք ենթադրում ենք, որ նախագիծը կշարունակվի տարվա երկրորդ կեսին, բայց դա միայն մեր գնահատականն է»։

Նա ավելացրել է, որ մեթոդաբանությունը նախատեսում է սպառողական ապրանքների գնի փոփոխության գնահատական ընդհանրապես, այլ ոչ թե առանձին-առանձին։ «Ներկա պահին կարելի է ասել, որ գնաճը ցածր է, վերահսկելի, բայց ոչինչ չենք բացառում, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները  սեզոնային բնույթ են կրում, ուստի անգամ գնաճի ցածր մակարդակը կարող է հանգեցնել որոշ ապրանքների գների մեծ տատանումների։ ԿԲ-ն հանդես է գալիս գնաճի ցածր մակարդակի պահպանման օգտին, որպեսզի գների տատանումներն ընդհանուր առմամբ ընդունելի սահմանում լինեն»,- ամփոփել է ԿԲ փոխնախագահը։