Մենք հանքարդյունաբերույթյան ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ օրենսդրական փաթեթ ենք ներկայացրել, որը հուլիսի 1-ից մտնում է ուժի մեջ: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, փորձագետները հավաստիացնում են, որ այս փաթեթն անխուսափելի է դարձնելու, որ այս ոլորտում մենք իրական սեփականատերերին կկարողանանք բացահայտել, հակառակ դեպքում՝ այդ հանքերը չեն կարող շահագործվել:

Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ հանքարդյունաբերույթյան ոլորտում արտահանման մոտ 90 տոկոսը խտանյութն է, ինչը մեծ խնդիր է. «Սա նշանակում է, որ մեր պետությունը հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ սրանից բխող հետեւանքով: Մեր խնդիրն է հանքարդյունաբերույթյան ցիկլը հնարավորինս երկարացնել: Այս առիթով կառավարությունը բանակցություններ է իրականացնում, մի քանի ներդրումային առաջարկներ կան, մենք հույս ունենք, որ դրանցից գոնե մեկը իրականություն կդառնա: Մենք համենայնդեպս դրա համար կանենք ամեն ինչ»,-ասաց ՀՀ վարչապետը: