Google-ը հայտարարել է, որ ծրագրային ապահովումը, այդ թվում անվտանգության համակարգերը չինական Huawei ընկերության սարքերի համար հասանելի կլինեն առաջիկա 90 օրերին՝ ժամանակավոր լիցենզիայի համապատասխան, որը տվել են ԱՄՆ իշխանությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNBC հեռուստաալիքին։

«Հեռախոսների թարմացումները եւ դրանց անվտանգության պահպանումը համապատասխանում են բոլոր կողմերի շահերին։ Այդ ժամանակավոր լիցենզիան թույլ է տալիս մեզ շարունակել իրականացնել  ծրագրային ապահովման եւ անվտանգության համակարգերի թարմացումներ գոյություն ունեցող մոդելներում հաջորդ 90 օրվա ընթացքում»,- ասվում է Google-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում, որին մեջբերում է հեռուստաալիքը։

Մայիսի 15-ին նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր, որով արտակարգ դրություն է մտցվում օտարերկրյա սպառնալիքներից ԱՄՆ տեղեկատվա-հաղորդակցային ենթակառուցվածքի պաշտպանության համար։ Այս առնչությամբ ԱՄՆ առեւտրի նախարարությունը  մայիսի 17-ին Huawei-ը մտցրել էր սեւ ցուցակ՝ այն համարելով ազգային անվտանգության սպառնալիք։

Ինչպես հայտնի դարձավ մայիսի 19-ին, Google-ը Huawei-ին զրկել է բջջային օպերացիոն Android համակարգի թարմացման հասանելիությունից, որով հագեցած են նրա արտադրության սմարթֆոնները։ Մայիսի 20-ին առեւտրի նախարարությունը Huawei-ին ժամանակավոր գլխավոր լիցենզիա տվեց 90 օր ժամկետով, որը վերականգնում է նրա իրավունքը՝ ապահովելու ցանցերի սպասարկումը եւ տրամադրելու ծրագրային ապահովման թարմացումներ ԱՄՆ-ում օգտագործվող նրա բջջային սարքերի համար։