Ամերիկահայ 58 տարեկան Արա Դոլարյանը մայիսի 15-ին Ֆրեզնոյում կալանավորվել է զենքի եւ ռազմամթերքի վաճառքի ապօրինի միջնորդության, փողերի լվացման եւ հանցավոր համաձայնության մեղադրանքով: Այս մասին նշված է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կայքում:

Ըստ դատական փաստաթղթերի՝ Դոլարյանը եղել է «Dolarian Capital Inc.» (DCI) բրոքերային ընկերության սեփականատերն ու նախագահը, որը գործել է Ֆրեզնոյում եւ Սոֆիայում (Բուլղարիա):

2013 թվականից սկսած ընդհուպ մինչեւ 2014 թվականը ԱՄՆ Պետքարտուղարությունը ընկերությանը մերժում էր լիցենզիա տրամադրել զենքի միջազգային գործարքներ կնքելու համար, սակայն ընկերությունը փորձել է միջնորդ լինել Արեւելյան Եվրոպայից եւ Հարավային Աֆրիկայից Նիգերիայի կառավարությանը ֆուգասային ականների, ռազմական նշանակության հրազենի եւ այլ զենքերի ու ռազմամթերքի վաճառքի գործում:

Նշվում է, որ Դոլարյանը 2014 թվականի հունիսին, գործելով Նիգերիայի անունից, առուվաճառքի պայմանագիր է կնքել ֆրանսիական զինագործական ընկերություն «Societe D'Equipments Internationaux»-ի հետ՝ ավելի քան 8,5 մլն դոլար արժեքով զենքի գնման եւ փոխանցման մասին:

2014 թվականի հունիսին Դոլարյանը Պետքարտուղարություն հայտ է ներկայացրել, բայց այն հավանություն չի ստացել: Այդուհանդերձ, Դոլարյանն իբր Նիգերիայից եւ SEI-ի իր բրոքերից մոտ 8,3 մլն դոլար է ստացել:

Դոլարյանն առաջին անգամ դատարանի առջեւ է կանգնել անցյալ շաբաթ, կալանավորման վերաբերյալ դատաքննությունը նշանակված էր մայիսի 20-ին:

Եթե Դոլարյանին մեղավոր ճանաչեն ապօրինի միջնորդական գործունեության մեջ, նրան կսպառնա 20 տարվա բանտարկություն եւ 1 մլն դոլարի տուգանք: Համաձայնության համար նա կարող է ստանալ եւս մինչեւ 5 տարվա բանտարկություն եւ 250 հազար դոլարի տուգանք, ինչպես նաեւ մինչեւ 20 տարվա բանտարկություն փողերի լվացման համար: