ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցումը էլ ավելի սրում է իրավիճակը եւ ի ցույց է դնում, որ այն հայտարարությունները, որ տեղի ունեցան երեկ, հենց կապված էին Քոչարյանի կալանքի փոփոխման հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Խոսելով  դատարանների մուտքերն ու ելքերը փակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի առնչությամբ «Լուսավոր Հայաստանի» հրավիրած արտահերթ նիստից, նա նշեց.  «Կարծում եմ` մենք արձանագրում ենք, որ արտառոց իրավիճակ էր եւ բազմաթիվ հարցեր կան, որ ԱԺ տիրույթում կարող են քննարկվել, եթե չասեմ, որ հենց իր տիրույթում են: Նաեւ նկատի ունեմ՝ անցումային արդարադատության գործիքակազմը, որովհետեւ այսօր բոլորը խոսում են այդ մասին, բայց ոչ ոք մեծ հաշվով չի պատկերացնում դա: Պարոն Փաշինյանի հայտարարությունը վեթթինգի մասին, դուք նաեւ գիտեք մենք ենք այդ մասին խոսել մինչ այդ, գործողություն, սակայն, որպես այդպիսին, այսօր չենք տեսել: Եվ այդ նույն վեթթինգը իսկապես կարելի էր եւ պետք է իրականացվեր առաջին իսկ օրը, երբ տեղի ունեցավ իշխանության փոփոխություն: Պետք է դա անեինք ու նոր անցնեինք դատական պրոցեսներին, որ կան այսօր երկրում եւ որոնց պատճառով, ինչու ոչ, տեղի ունեցավ հրատապ այն ակցիաներն ու հայտարարությունները, որ տեղի ունեցան երեկ»։

Թանդիլյանի խոսքով՝ ԼՀԿ–ն պատրաստ է աջակցել դատարնների բարեփոխման ու դրանցում վեթիինգի անցկացմանը. «Փաստացի ասում ենք, որ հայտարարությանը, որ արվեց եւ այն ցանկությանը, որը հայտարարության մեջ ֆիքսված էր, մենք պատրաստ ենք աջակցելու այդ պրեցեսներին, որով դատական համակարգը բարեփոխման պետք է ենթարկվի»։

Նրա կարծիքով՝ այն մտահոգությունները, որ իրենք հայտնել են կապված Փաշինյանի կոչի հետ, ըստ էության հաստատվեցին. «Փաստացի 1 տարի ոչինչ չի արվել, մենք մտահոգություն հայտնեցինք, որ այն ինչ տեղի ունեցավ որպես ակցիա, կարող է օգտագործվել մեր պետության դեմ եվրոպականբ դատարաններում։ Մեր ասածը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, որը շնորհակալություն հայտնեց այս ակցիայի համար։ Ես սա ցավով եմ ասում, որովհետեւ չեմ ուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի այնտեղ, որտեղ մեր պետության դեմ որոշում կկայացվի»։

Պատգամավորը շեշտեց՝ հաշվի առնելով դատաիրավական համակարգի կոռումպացված ներկայացվածությունը եւ հանրության տոտալ անվստահությունը ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները ժամանակ ենք կորցրել. «Մենք այն ժամանակ եւ հիմա էլ ավելի կարիք ունենք դատաիրավական համակարգի բարեփոխման եւ որպես անցումային արդարադատության գործիքակազմ վեթթինգի կիրառման՝ հաշվի առնելով այն դատական պրոցեսները, որոնք պետք է տեղի ունենան եւ տեղի են ունենում։